60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ | AMX Blog
 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ

60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ

Այսօր Հայաստանի ֆոնդային բորսայում իրականացվել է 60 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի աճուրդ, որը պետական պարտատոմսերի տեղաբաշխման ամենամեծ ծավալն է։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7․92%, կտրման եկամտաբերությունը՝ 8․08%։ Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է, մարման ժամկետը՝ 10 տարի, վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։

AMGB1029A292 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի ենթակա ծավալը կազմել է 60 մլրդ դրամ, որը բավարարվել է ամբողջությամբ։ Ավելին, պահանջարկը կազմել է ավելի քան 159 մլրդ դրամ, ինչը 166%-ով գերազանցում է առաջարկին։ Այս երևույթը ցույց է տալիս ֆինանսական շուկաների կայունությունը և պետական պարտատոմսերի նկատմամբ վստահությունը։ 

Աճուրդը տեղի է ունեցել Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի աճուրդների իրականացման նոր համակարգով։ Այս համակարգը, որի գործարկումը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին, հիմք է հանդիասանալու արժեթղթերի երկրորդային շուկայի, ինչպես նաև DMA` շուկային ուղիղ հասանելիություն ապահովող համակարգի ներդրման համար։  

Այս պարտատոմսերը նաև հնարավոր է գնել gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Որպես հիշեցում՝ gp.minfin.am-ը պետական պարտատոմսերի մանրածածախ վաճառքի հարթակ է, որի օպերատորը Բորսան է։ Այն հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց առցանց և առանց միջնորդի գնել պետական պարտատոմսեր։ 2019 թվականին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության, gp.minfin.am հարթակի միջոցով իրականացել է ավելի քան 535 մլն դրամի առևտուր։

Կարդացեք նաև