5 փաստ, որ կարևոր է իմանալ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից | AMX Blog
 5 փաստ, որ կարևոր է իմանալ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից

5 փաստ, որ կարևոր է իմանալ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից

Որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից՝ կարևոր է իրազեկված լինել այս հինգ կարևոր փաստերի մասին։

Ձեր միջոցները հաշվառվում են փայերի տեսքով

Ձեր կենսաթոշակային հաշվին փոխանցված կուտակային հատկացումներն արտացոլվում են փայերի տեսքով։ Երբ Դուք դառնում եք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, Ձեզ համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է կենսաթոշակային հաշիվ, որտեղ փոխանցվում են կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր։ Սա նշանակում է, որ ցանկացած կուտակային հատկացում վերածվում է փայերի՝ փոխանցված գումար բաժանած տվյալ օրվա դրությամբ հրապարակված ֆոնդի փայի արժեքին։

Փայի արժեքը յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդում տարբեր է։ cda.am կայքում կարող եք հետևել Ձեր և այլ ֆոնդերի կատարողականին (մեկ փայի արժեքին):

Դուք կարող եք ընտրել Ձեր ֆոնդը և ֆոնդի կառավարչին

Եթե Դուք սկզբնապես դիմում չեք ներկայացրել հաշվի օպերատորին ընտրելու Ձեր ֆոնդը և ֆոնդի  ակտիվները կառավարող կազմակերպությանը՝ ֆոնդի կառավարչին, ապա Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը Ձեզ թույլ է տալիս ցանկացած ժամանակ ընտրել կամ եթե ընտրված է՝ փոփոխել Ձեր ֆոնդը կամ ֆոնդի կառավարչին։

 ՀՀ-ում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն երկուսն են՝ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա։ Յուրաքանչյուր ֆոնդի կառավարիչ ունի երեքական ֆոնդ՝ հավասարակաշռված, պահպանողական և կայուն եկամտային։

Ֆոնդը կամ ֆոնդի կառավարչին փոխելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը հաշվի օպերատորների՝ Արարատբանկ, Արդշինբանկ, ՎՏԲ-Հայաստան, Կոնվերս բանկ, HSBC, Հայբիզնեսբանկ  և Հայփոստի թե՛ գլխամասերում, թե՛ մասնաճյուղերում կամ լրացնել դիմում էլեկտրոնային եղանակով՝  <<Իմ հաշիվը>> հավելվածի միջոցով։

Դուք կարող եք փոխանակել Ձեր հաշվում առկա փայերը

Կարևոր է իմանալ, որ պարբերաբար ֆոնդերի կատարողականին հետևելով, Դուք կարող եք փոխել Ձեր ֆոնդը՝ թողնելով մինչ այդ կուտակված միջոցները նախորդ ֆոնդում, կամ կարող եք փոխանակել առկա փայերը (կամ դրանց մի մասը) նոր ֆոնդի փայերով։ Նշված դեպքում Ձեր հետագա վճարները շարունակվում են ուղղվել ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության դիմումում նշված ֆոնդի փայերի ձեռք բերմանը:

Ֆոնդի փայերը փոխանակելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը հաշվի օպերատորների՝ Արարատբանկ, Արդշինբանկ, ՎՏԲ-Հայաստան, Կոնվերս բանկ, HSBC, Հայբիզնեսբանկ  և Հայփոստի թե՛ գլխամասերում, թե՛ մասնաճյուղերում կամ լրացնել դիմում էլեկտրոնային եղանակով՝  <<Իմ հաշիվը>> հավելվածի միջոցով։

Դուք կարող եք հետևել Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվին

Ստուգե՛ք Ձեր հաշվում առկա միջոցները․

  • Բանկոմատի միջոցով։ Օգտագործե՛ք ArCa համակարգի անդամ հանդիսացող, Յունիբանկի և ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների «Լրացուցիչ ծառայություններ» բաժինը՝ տեսնելու հաշվով կատարված վերջին 7 գործարքները:
  • Բանքինգ հավելվածների միջոցով։ Այժմ կենսաթոշակային հաշիվը կարող եք ստուգել միայն այս հավելավածներով՝ ArCa, Inecobank, Ardshinbank, Unibank, ABB։ Մյուս բանկերի հավելվածներում այս բաժինը մշակման փուլում է։
  • Իմ հաշիվը հավելվածի միջոցով։ Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք կատարել անձնական տվալների փոփոխություն, կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն, փայերի փոխանակում և ստանալ կենասթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ առցանց եղանակով։ Ավելի մանրամասն կարող եք տեսնել AMX բլոգում։
  • Հաշվի օպերատորների միջոցով։ Որպեսզի պարբերաբար չայցելեք հաշվի օպերատորների գրասենյակ կարող եք տրամադրել 5 րոպե ժամանակ, լրացնել եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններն էլ․ հասցեին ստանալու դիմումը և հետևել հաշվի թարմացումներին Ձեզ հարմար ժամանակ և միջավայրում։

Դուք կարող եք ստանալ հաշվետվություններ Ձեր էլ․ հասցեին

Դուք կարող եք ստանալ էլեկտրոնային հաշվետվություններ երեք ամիսը կամ տարին մեկ անգամ։ Ընդամենը անհրաժեշտ է այցելել հաշվի օպերատորների գրասենյակ կամ Իմ հաշիվը հավելվածի միջոցով տրամադրել էլ․ հասցեն և լրացնել դիմումը։ 

Հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ստանալու համար նշված դիմումը լրացվում է մեկ անգամ և հետագա տարիներին Դուք՝ որպես մասնակից, շարունակում եք ստանալ էլեկտրոնային հաշվետվություն, իսկ թղթային եղանակով ստանալու համար Դուք յուրաքանչյուր տարի պետք է լրացնեք տվյալ դիմումը:

Իսկ թե ինչպիսի տեղեկություն կստանաք եռամսյակային և տարեկան հաշվետվություննների միջոցով, կարող եք տեսնել AMX բլոգի կուտակային կենսաթոշակ բաժնում։

Ունեմ այլ հարցեր

Ձեր կենսաթոշակային հաշվի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 61 55 55 ներքին 131 կամ 133,  կամ գրել pension.report@amx.am էլ․փոստին:

Կարդացեք նաև