Պարտատոմս, թե բանկային ավանդ․ Որ ներդրումային ֆինանսական գործիքն եք նախընտրում Դուք | AMX Blog
 Պարտատոմս, թե բանկային ավանդ․ Որ ներդրումային ֆինանսական գործիքն եք նախընտրում Դուք

Պարտատոմս, թե բանկային ավանդ․ Որ ներդրումային ֆինանսական գործիքն եք նախընտրում Դուք

Այսօր Հայաստանում ամենամրցունակ երկու ներդրումային ֆինանսական գործիքները պարտատոմսերն ու բանկային ավանդներն են։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և թերությունները, որոնք կախված են Ձեր՝ որպես ներդրողի անհատական նախընտրություններից։ Մենք առանձնացրել ենք այս երկու գործիքների այն հիմնական չափանիշները, որոնք ներդրողներն ավելի հաճախ են դիտարկում։

Որքա՞ն է տոկոսային եկամտաբերությունը

Պարտատոմսերի գնման գինը կարող է տարբերվել իր անվանական արժեքից։

Պարտատմսերի արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով՝

  • թողարկողի կարգավիճակով՝պետական կամ կորպորատիվ,
  • թողարկողի վարկանիշով և ֆինանսական դրությամբ,
  • պարտատմսի արժույթով,
  • ժամկետայնությամբ,
  • տեղաբաշխման ժամանակահատվածում ֆինանսական շուկայում տիրող իրավիճակով,
  • տվյալ պահի ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքով և այլն։

Արժեկտրոնային պարտատոմսերում ներդրում կատարելու դեպքում տարեկան առնվազն մեկ անգամ Դուք ստանում եք տոկոսագումարները, իսկ ամբողջ անվանական արժեքը պարտատոմսի մարման ժամանակ։

Զեղչատոկոսային պարտատոմսերում ներդնելու դեպքում Դուք այն ձեռք եք բերում անվանական արժեքից ցածր գնով, իսկ մարման ժամկետը լրանալիս ստանում եք դրա անվանական արժեքը։

Բանկային ավանդներից ստացվող տոկոսադրույքը նունպես պայմանավորված է մի շարք գործոններով՝

  • ավանդի ժամկետ,
  • ավանդի արժույթ,
  • ներդրվող գումարի չափ,
  • ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք,
  • ժամկետից շուտ ավանդային պայմանագիրը խզելու դեպքում կուտակված տոկոսները չկորցնելու հնարավորություն և այլն։

Բանկային ավանդներում ներդնելու դեպքում հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են բանկային ավանդի՝ պայմանագրով սահմանված ժամկետներում։ Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտին ներդրողը ստանում է ավանդի մայր գումարը։

Տեղեկատվություն AMX բորսայում առևտրին թույլատրված պարտատոմսերի պայմանների մասին կարող եք ստանալ այստեղ։ Իսկ ավանդների պայմանների մասին՝ տվյալ առևտրային բանկի պաշտոնական կայքից։

 

Ի՞նչ կկատարվի մինչ մարման ժամկետը լրանալը ներդրված գումարը ետ ստանալու դեպքում

Պարտատոմսերի դեպքում Դուք կարող եք վաճառել դրանք՝ ստանալով անվանական արժեքը և կուտակված տոկոսները, միաժամանակ ձեռք բերել նաև լրացուցիչ եկամուտ կամ կրել վնասներ։

Պարտատոմսը գրեթե միշտ կարելի է գնել և վաճառել արժեթղթերի բորսայական և/կամ արտաբոսայական շուկայում։

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված պարտատոմսերը ունենում են շուկա ստեղծող բորսայի անդամ ընկերություն, որը յուրաքանչյուր աշխատանքային օր պարտադիր տվյալ պարտատոմսով գնանշումներ է իրականացնում բորսայի ողջ առևտրային նստաշրջանի ընթացքում։ Այսինքն ամեն օր շուկա ստեղծողը պարտավոր է բավարարել մեկ գնման և մեկ վաճառքի հայտ, ինչը թույլ է տալիս բարձրացնել արժեթղթերի իրացվելիությունը։ Բորսայական առևտուրն իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 11:00-ից մինչև 15:00-ն ընկած հատվածում, իսկ կորպորատիվ արժեթղթերի շուկայում գործում է նաև նախառևտրային նստաշրջան և բացման աճուրդ՝ ժամը 10:50-ից մինչ 10:59-ը:

Բանկային ավանդի դեպքում կախված պայմանագրի պայմաններից մինչ մարման ժամկետը ավանդը ետ ստանալու դեպքում, Դուք կամ կորցնում եք հաշվեգրված տոկոսները կամ ստանում դրանք՝ ըստ պայմանագրում նշված պայմանների։ Ցպահանջ ավանդի դեպքում հնարավոր է ստանալ տոկոսագումար, բայց այն, ի տարբերություն ժամկետային ավանդի, որպես կանոն, ավելի քիչ եկամտաբերություն է ապահովում։

Երկու դեպքում էլ Դուք կարող եք ազատ կառավարել Ձեր միջոցները, սակայն միշտ էլ առկա է ռիսկի գործոնը։

 

Ինչպիսի՞ն է գնաճի և ազգային արժույթի տատանումների ազդեցությունը

Գնաճը, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանումները կարող է ազդել ցանկացած ներդման վրա, այդ թվում և պարտատոմսի։ Բայց պարտատոմսերի՝ հնարավորինս անկորուստ վաճառելու հնարավորությունը թույլ է տալիս ներդրողին խուսափել ռիսկերից, իսկ արժեկտրոնները՝ նվազեցնել կրած վնասը։

Ավանդները նույնպես կրում են գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի տատանումների ազդեցությունը, բայց այն, որպես կանոն, կարգավորվում է առաջարկվող ավանդային տոկոսադրույքով, ստացվող տոկոսային եկամուտներով։
Ներկայումս առևտրային բանկերն առաջարկում են ճկուն ավանդատեսակներ, որոնք նվազեցնում են գնաճային և արտարժութային տատանումների ռիսկերը։

Ձեր խնայողությունը տանը պահելով՝ Դուք խնայողության մի մասը կորցնում եք գնաճի ազդեցության շնորհիվ, մինչդեռ ներդրում կատարելով պարտատոմսերում կամ ավանդներում, գնաճի ռիսկը նվազում է ստացվող տոկոսագումարի հաշվին։

 

Արդյո՞ք կարող եք հավելյալ գումար ավելացնել բանկային ավանդին կամ պարտատոմսին մինչև դրանց մարումը

Դուք կարող եք թե՛ որպես ֆիզիկական անձ՝ gp.minfin.am հավելվածի (կարճաժամակետ և խնայողական պետական պարտատոմսերի ձեռքբերման նպատակով) կամ բրոքերի միջոցով, թե՛ որպես իրավաբանական անձ՝ բորսայի գործընկեր բրոքերների միջոցով գնել նոր պարտատոմսեր և ստանալ բարձր եկամուտներ՝ հատկապես կորպորատիվ ավելի ռիսկային և եկամտաբեր գործիքների միջոցով։

Ավանդի դեպքում ևս, Դուք կարող եք գումար ավելացնել, եթե այն համապատասխանում է պայմանագրի կետերին։ Օրինակ, եթե ամեն ամիս ստացված տոկոսագումարը հրահանգեք ավելացնել մայր գումարին, ժամկետի ավարտին Դուք ավելի մեծ չափով գումար կստանաք, քան տոկոսը պարբերաբար մինչ ավանդի մարման ժամկետը ստանալու դեպքում։ Առևտրային բանկերի կողմից առաջարկվում են նաև կուտակային ավանդատեսակներ, երբ հաճախորդը կարող է պարբերաբար, ավանդային պայմանագրի ժամկետի ընթացքում հավելագրել ավանդի սկզբնական մայր գումարին։ Տոկոսագումարն ավելացնելիս Դուք կապիտալացնում եք Ձեր միջոցները, ինչն ավելի մեծ եկամուտ է ապահովում Ձեզ համար։

 

Ինչպիսի՞ն է հարկման մեխանիզմը

ֆիզիկակական անձանց՝ ՀՀ պետական գանձապետական պարատատոմսերից ստացված եկամուտը ազատված է եկամտային հարկից։ 

2020 թվականի մարտի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտած փոփոխությունների շնորհիվ Հայաստանի ֆոնդայի բորսայում ցուցակված  կորպորատիվ պարտատոմսերը, ինչպես նաև պետական պարտատոմսերը այլևս ազատվում են նախկինում գանձվող 10% եկամտային հարկից։
Պարտատոմսերում ներդրումներ կատարելու դեպքում պարտատոմսերից ստացվող եկամուտը չի հարկվում, ինչն ավելի շահավետ է դարձնում պարտատոմսերում նեդրումներ կատարելը։

Ավանդի դեպքում ստացված տոկոսագումարի 10%-ը վճարվում է պետությանը՝ որպես եկամտային հարկ։

Հարկման մեխանիզմը ավելի պարզ հասկանալու համար ենթադրենք, որ ունենք նույն եկամտաբերությամբ ավանդ և պարտատոմս։

Ներդրման չափ

Պետական պարտատոմս/ ցուցակված կորպորատիվ պարտատոմս

Ժամկետային ավանդ

 

9% (տարեկան)

9 % (-10% եկամտահարկ)

1մլն ՀՀ դրամ

1090000 ՀՀ դրամ

1081000 ՀՀ դրամ

 

Ձեր ներդրումներն երաշխավորվում են

Պետական պարտատոմսերի դեպքում որպես երաշխավոր հանդես է գալիս պետությունը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի դեպքում՝ այն թողարկող կազմակերպությունը։

ֆիզիկական անձանց,այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների դեպքում երաշխավորության չափերը ՀՀ-ում սահմանված են հետևյալ կերպ․

  • Միայն դրամային ավանդ ունենալու դեպքում՝մինչև 10մլն դրամ,
  • Միայն արտարժույթային ավանդ ունենալու դեպքում մինչև 5 մլն դրամ
  • և՛ դրամային , և՛ արտարժույթային ավանդ ունենալու դեպքում՝ եթե դրամային ավանդը 5 մլն ՀՀ դրամից ավելի է, երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը 10 մլն ՀՀ դրամի չափով, եթե դրամային ավանդը 5 մլն ՀՀ դրամից պակաս է, երաշխավորվում է դրամային բանկային ավանդը ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 մլն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով։

Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ցանկացած ներդրում կատարելիս մանրամասն ուսումնասիրեք բոլոր պայմանները՝ տոկոսադրույք, եկամտաբերություն, ժամկետ, արժույթ, վճարման պարբերականություն, գումարի չափն ավելացնելու կամ նվազեցնելու հնարավորություններ և այլն։

Ներդումների հետ կապված անճշտությունների կամ հնարավոր վեճերի դեպքում կարող եք դիմել նաև ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որն անվճար հիմունքներով ընթացք է տալիս խնդրին և սեղմ ժամկետներում լուծում է դրանք։ 

 

ՀՀ կայուն ֆինանսաբանկային համակարգը, այդ թվում զարգացող արժեթղթերի շուկան ապացուցուցել են իրենց հասունությունը, հուսալիությունը և կայունությունը ներդրումներ ներգրավելու, երաշխավորելու և կայուն եկամուտ ապահովելու գործում։ Այնպես որ, կատարեք ներդրում թե՛ պարտատոմսերում, թե՛ ավանդներում և այլ հուսալի ֆինանսական գործիքներում։

Ուշադրություն։ Համաձայն ՀՀ օրենսդրության՝ Բանկային ավանդ ներգրավելու կամ բանկային ավանդ ներգրավելու առաջարկով հանդես գալու իրավունք ունեն միայն համապատասխան բանկային գործունեության լիցենզիա ունեցող ՀՀ առևտրային բանկերը։

Հրաժարագիր։ Այս բլոգը կրում է տեղեկատվական և մարքեթինգային բնույթ և նախատեսված չէ իրավական, հարկային, հաշվապահական, ներդրումային կամ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու համար, հետևաբար չի կարող օգտագործվել որպես այդպիսին։

Կարդացեք նաև