Փոխցուցակում Մոսկվայի բորսայում․Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում | AMX Blog

Փոխցուցակում Մոսկվայի բորսայում․Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում

Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերը ցուցակվել են նաև արտասահմանյան ֆոնդային բորսայում՝ Մոսկվայի բորսայում (MOEX): Յունիբանկի 5,25% եկամտաբերությամբ  անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ISIN – AMUNIBB2AER2) փոխցուցակումն անցել են Մոսկվայի բորսայի երրորդ հարթակ։

Կարևորելով Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկվայի բորսայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց․ <<Սա պատմական իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերը ցուցակվում են նաև արտասահմանյան բորսայում։ Եվրասիական տնտեսական միությունում 2025թ․-ին նախատեսվող միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն ընդառաջ Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կապիտալի շուկայի շահագրգիռ մասնակիցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ստեղծել են հնարավորություն՝ մեծացնելու թողարկող ընկերությունների միջազգային ճանաչումը, արժեթղթերի շրջանառությունը, փոխցուցակման (cross listing) միջոցով ներգրավելու ներդրումներ ռուսական շուկայից։ Հուսով ենք, որ այս հնարավորությունից կօգտվեն Հայաստանի ֆոնդային բորսայի մյուս անդամները նույնպես>>։

Պարտատոմսերն առաջին անգամ ցուցակումն անցել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) 2019-ի դեկտեմբերի 23-ին: Հայաստանում Յունիբանկի այս պարտատոմսերի շուկա ստեղծողը <<Արմենբրոկ>> ԲԲԸ-ն է, իսկ Ռուսաստանում՝ «Ջի Էքս Թու Ինվեստ» (GX2 Invest) ընկերությունը։  

<<Մոսկվայի բորսայում երկրորդային ցուցակումը հնարավորություն կտա ռուսաստանյան ներդրողներին ձեռք բերել հայաստանյան բանկի կողմից թողարկված  պարտատոմսեր պարզեցված ընթացակարգով՝ առանց Հայաստանում արժեթղթերի հաշիվ բացելու: Անհրաժեշտ է պարզապես հաշիվ ունենալ ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում կամ վերջինիս պահառուներից մեկի մոտ: ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան արժեթղթերի հաշիվ ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, որը հանդիսանում է Յունիբանկի կողմից թողարկված պարտատոմսերի կենտրոնացված պահառուն և ռեեստրավարը: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան հանդիսանում են լիցենզավորված Կենտրոնական դեպոզիտարիաներ, ունեն բազմամյա փորձ, բարձր հուսալիություն և համբավ ԱՊՀ տարածքում և դրանից դուրս>>, նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը՝ շեշտելով այս պատմական իրադարձության կարևորությունը։

Վահան Ստեփանյանը հավելեց․ <<Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի համագործակցությունը փոխվստահության և մասնագիտական բարձր չափանիշների վրա է, ինչը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերությունների հնարավորինս սահուն մուտքը ռուսական արժեթղթերի շուկա։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջազգային համագործակցության աշխարհագրությունը ավելի լայն է և ապագայում նման պարզեցված ընթացակարգեր կլինեն նաև արտասահմանյան այլ դեպոզիտարիաների հետ աշխատանքներում>>։

Յունիբանկը Ռուսաստանում ցուցակման մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ռուսաստանյան ներդրողների մեծ հետաքրքրությունը բանկի դոլարային պարտատոմսերի նկատմամբ։ Յունիբանկի պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

<<Մեր պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների լայն շրջանակի մոտ նաև Հայաստանից դուրս: Այս գործիքը հիանալի տարբերակ է ցածր ռիսկայնությամբ ներդրումների համար: Վստահ ենք, որ մեր պարտատոմսերը բավարարում են ռուսաստանյան ներդրողների պահանջներին և այս շահավետ առաջարկից կօգտվեն մեծ թվով գնորդներ, որոնք ցանկանում են պահպանել և մեծացնել իրենց կապիտալը: Չէ՞ որ Յունիբանկի պարտատոմսերը եկամտաբեր են, ապահով և ունեն բարձր լիկվիդայնություն>>, –  նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

 

Կարդացեք նաև