Ֆինանսական բառարան VOL. 1 | AMX Blog
 Ֆինանսական բառարան VOL. 1

Ֆինանսական բառարան VOL. 1

Ֆինանսների աշխարհում և կապիտալի շուկայում մենք օգտագործում ենք բազմաթիվ եզրույթներ, որոնք նկարագրում են շուկան և այդտեղ տեղի ունեցող գործընթացները։ Այստեղ մենք առանձնացրել ենք այն բառերը, որոնք ավելի հաճախ ենք կիրառում մեր ծառայությունների նկարագրություններում, և որոնք կօգնեն Ձեզ ֆինանսական շուկաների ուսումնասիրության գործում։

Ազդագիր (prospectus)

Թողարկողի և նրա արժեթղթերի վերաբերյալ օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) թույլտվությունը մասնակցելու դրանց առևտրին։

Ածանցյալ արժեթուղթ (derivative security)

Ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման իրավունքը, պարտավորությունը հավաստող արժեթուղթ է (ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն, տոկոսային և արժութային սվոպներ և այլն):

Ակտիվներ (assets)

Միջոցներ, որոնց օգտագործումից ձեռնարկությունն ակնկալում է ստանալ տնտեսական օգուտներ: Իրենց բովանդակությամբ լինում են ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվներ: Այլ կերպ ասած, ակտիվները ձեռնարկությանը պատկանող բոլոր արժեքներն են՝ դրամական գնահատմամբ արտահայտված:

Անվանական արժեք (nominal value)

Պարտատոմսի կամ արժեթղթի վրա նշված գինը: Մարման ժամկետը հասնելիս՝ պարտքային պարտավորությունը մարվում է իր անվանական արժեքով։

Առաջնային հրապարակային առաջարկ (IPO)

Ընկերության բաժնետոմսերի առաջին վաճառքն է հանրությանը։

Արժեթուղթ (security)

Ֆինանսական գործիք է, որը հաստատում է ներդրողի սեփականության իրավունքը և/կամ արժեթուղթ թողարկած ընկերության պարտավորությունը ներդրողի նկատմամբ։ Ֆոնդային բորսայի առևտրի տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արժեթղթերի շուկա (stock/securities market)

Ֆինանսական շուկայի այն հատվածը, որն ըդգրկում է  արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության հետ կապված փոխհարաբերությունների համակարգը:

Արժեթղթերի պահառություն (securities custody)

Կազմակերպության կամ անհատների ակտիվների պահպանումն է։ Արժեթղթերի և այլ ակտիվների պահառուն Հայաստանում Կենտրոնական դեպոզիտարիան է, որն անմիջականորեն կամ իր ենթապահառուների միջոցով ապահովում է անվանական արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների օրինական գրանցումը և փոխանցումը:

Բաժնեմաս (share)

Կապիտալի անբաժանելի մաս, որն արտահայտում է բաժնետիրոջ և կազմակերպության սեփականության հարաբերությունը։

Բաժնետոմս (stock)

Այն արժեթուղթն է, որն իրավունք է տալիս ստանալ բաժնետիրական ընկերության շահութաբաժին, մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը և ստանալ նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս։

Բորսա (securities exchange)

Բորսան շուկա է, որտեղ արժեթղթեր, ապրանքներ, ածանցյալ արժեթղթեր և այլ ֆինանսական գործիքներ են շրջանառվում։ Բորսայի հիմնական գործառույթն արդար և կանոնակարգված առևտրի իրականացման, ինչպես նաև գնային տեղեկատվության արդյունավետ տարածման ապահովումն է։ Կազմակերպությունները և պետությունը կարող են թողարկել պարտատոմս (պարտք ներգրավելու համար) և բաժնետոմս (բաժնեմասի դիմաց կապիտալ/ներդրում ներգրավելու համար) ու վաճառել բորսայի հարթակում, իսկ անհատներն ու իրավաբանական անձիք հնարավորություն են ստանում ուղղակիորեն ներդնել իրենց խնայողությունները տվյալ գործիքների մեջ։ Արդյունքում բորսան դառնում է ֆինանսական միջոցներ ներգրավելու և ներդրումներ կատարելու առավել էժան, հարմար ու թափանցիկ աղբյուր՝ անմիջականորեն նպաստելով երկրում տնտեսական աճին։ Հայաստանում միակ բորսան AMX Հայաստանի ֆոնդային բորսան է, որը նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերն է։ Հայաստանի ֆոնդային բորսայի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ։

Դեպոզիտարիա (depository)

Պահառու կազմակերպություն, որն ի պահ է ընդունում արժեթղթերը և նպաստում է արժեթղթերով առևտրի կազմակերպմանը։ Դեպոզիտարիաներն առաջացել են որպես հաճախորդների արժեթղթերի պահառուներ, սակայն ժամանակի ընթացքում ընդլայնել են իրենց գործունեության ոլորտը և սկսել մատուցել արժեթղթերի սեփականատերերի հաշվառման, սեփականության իրավունքի ամրագրման կամ այդ իրավունքն այլ անձանց փոխանցման կազմակերպման գծով ծառայություններ: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է ռեեստրավարման, պահառության, քլիրինգի և վերջնահաշվարկի կազմակերպման գործառույթները (թողարկողների, նրանց թողարկված արժեթղթերի, արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության գրանցում և պահպանում, արժեթղթերի և դրամական հաշիվների սպասարկում՝ փոխանցումներ, դեպոնացում, գրավադրում և այլն) կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարում և ակտիվների պահառություն։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ։

Եկամտաբերություն (yield)

Ներդրման տարեկան եկամտի չափը՝ հիմնականում արտահայտված ներդրված գումարի տոկոսադրույքով։

Եկամուտ (income)

Որոշակի ժամանակաշրջանում ստացված բոլոր տեսակի տնտեսական շահերի ստացման աճն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի ավելացմանը, բացառությամբ բաժնետերերի կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների գումարի չափի: Այլ կերպ ասած’ եկամուտը իրացումից հասույթի եւ այլ եկամուտների հանրագումարն է։

Երկրորդային շուկա (secondary market)

Նախկինում թողարկված արժեթղթերի շրջանառությունն է, դրանց գոյության ամբողջ ժամանակահատվածում նրա առք ու վաճառքի կամ արժեթղթի մի սեփականատիրոջից մյուսին այլ միջոցներով փոխանցման գործողությունների համախումբը: Այլ կերպ ասած, դա շուկա է, որտեղ շրջանառվում են արդեն գոյություն ունեցող արժեթղթերը, ի տարբերություն առաջնային շուկայի, որտեղ արժեթղթերը վաճառքի են հանվում առաջին անգամ: Այս շուկայում առուծախի գործառնությունները կատարվում են սկզբնական պարտատեր չհանդիսացող անձանց եւ փոխատուների միջև: Երկրորդային շուկայի դերը հիմնականում կատարում է արժեթղթերի բորսան, քանի որ նոր թողարկումները կազմում են նրա շրջանառության միայն մի փոքր մասը:

Թողարկում (issue)

Շրջանառության մեջ արժեթղթեր բաց թողնելն ու դրանց առաջին իրացման գործառնությունն է:

Կարգավորվող շուկա (regulated market)

Կարգավորվող շուկան կազմակերպական, իրավական և տեխնիկական կարգավորումների ամբողություն է, որը նպաստում է ֆինանսական գործիքներով առևտրին բաց և կանոնավոր ձևով։

Կենսաթոշակային ֆոնդ (pension fund)

Այն ակտիվներն են, որոնք փայերի տեսքով կուտակվում են գործատուի, մասնակցի և պետության հատկացումների արդյունքում։  Ներկայում Հայաստանում գոյություն ունի 3 տեսակ  կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական, կայուն եկամտային։ Ֆոնդի կառավարիչները երկուսն են, հետևաբար կա 6 տեսակի կենսաթոշակային ֆոնդ։ Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ունի իր կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, գանձվող վճարների տեսակները և չափերը և այլ էական պայմաններ։ Ֆոնդի կանոնները սահմանում է տվյալ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցում է Կենտրոնական բանկը և հրապարակում։

Հաշվի օպերատոր (account operator)

Միջնորդ հանդիսացող կազմակերպություններ, որոնց միջոցով Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է իր ծառայությունները։ Հաշվի օպերատորների ցանկը կարող եք տեսնել այստեղ։ Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորների ցանկը հասանելի է այստեղ։

Շահութաբաժին (dividend)

Որոշակի գումար, որը կազմակերպությունն իր շահույթից վճարում է բաժնետերերին։

Պարտատոմս (bond)

Արժեթուղթ, որը ներդրողին իրավունք է տալիս պարտատոմս թողարկողից պարբերաբար ստանալ տոկոսային եկամուտ, իսկ մարման ՝ժամանակ՝ միանվագ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը։ Հայաստանում ներկայում շրջանառվում են պետական և կորպորատիվ պարտատոմսեր։

Ռեեստրավարում (registry keeping)

Գրանցված սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայություն։

Ռեպո (repo)

Համաձայնագիր է, որն իրենից ներկայացնում է կարճաժամկետ փոխառության տեսակ: Այն երկու կողմերից բաղկացած ֆինանսական գործարք է, որի մասնակիցներից մեկն արժեթղթերը կամ ապրանքերը վաճառում է մյուս կողմին և միաժամանակ իր վրա պարտավորություն է վերցնում դրանք ետ գնել սահմանված ժամկետում կամ երկրորդ կողմի պահանջի դեպքում:

Վերջնահաշվարկ (settlement)

Գումարի փոխանակում արժեթղթի դիմաց առևտրի նույն օրը կամ նրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

Տեղաբաշխում (placement)

Արժեթղթերի առաջին օտարումն է վաճառքի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված և թողարկողի (էմիտենտի) կանոնադրությամբ նախատեսված այլ ձևերով:

Ցուցակում (listing)

Արժեթղթերի՝ բորսայում շրջանառության թույլատրման գործընթացն է ։ Ընկերությունը կարող է բորսայում ցուցակման ներկայացնել իր թողարկած բաժնետոմսերը, պարտատոմսերը և այլ արժեթղթեր։

Փայ (lot)

Ֆոնդի փայն արժեթուղթ է, որը հավաստում է, որ Դուք հանդիսանում եք կենսաթոշակային ֆոնդի փայատեր: Ֆոնդի փայը ձեռք է բերվում կենսաթոշակային ֆոնդին կատարված հատկացումների հաշվին: Oրինակ` եթե հատկացումների մեծությունը 15 000 դրամ է, իսկ 1 փայի արժեքը 1500 դրամ, ապա Դուք ձեռք կբերեք 10 փայ:

Քլիրինգ (clearing)

Ֆոնդերի անցումը վաճառողին և արժեթղթերի փոխանցումը գնորդին։ Արժեթղթերի գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև առաջացած փոխադարձ պահանջների ու պարտավորությունների հաշվանցումն է անկանխիկ հաշվարկների միջոցով: Տարբեր օպցիոնների, ֆյուչրզների և արժեթղթերի համաձայնեցված առքուվաճառքի գործընթացն է, ինչպես նաև դրամական միջոցների փոխանցումը մի ֆինանսական համակարգից մյուսը։ Գործընթացը ապահովում է համապատասխան ֆոնդերի առկայությունը, գրանցում է փոխանցումները և արժեթղթերի դեպքում ապահովում է արժեթղթի փոխանցումը գնորդին։

Ֆինանսական գործիք (financial instrument)

Ֆինանսական գործիքը   պայմանագիր   է,   որը   մի   կազմակերպությունում առաջացնում   է  ֆինանսական ակտիվ, իսկ մյուսում՝ ֆինանսական պարտավորություն կամ բաժնային գործիք։ Հայաստանի ֆոնդային բորսայի կայքէջում կարող եք տեսնել ֆինանսական գործիքներն այստեղ։

Ֆոնդի կառավարիչ (fund manager)

Որպես պայմանագրային ներդրումային ֆոնդ` կենսաթոշակային ֆոնդի միջոցով գումարները տրամադրում եք մասնագիտացված կառավարչին, իսկ կառավարիչը միավորում է այդ գումարները և կառավարում որպես մեկ միասնական պորտֆել՝ ի շահ ներդրողների (ի շահ ձեզ): Հայաստանում գործում են երկու ֆոնդի կառավարիչներ՝ Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ և Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա։

Կարդացեք նաև