Ֆինանսական բառարան VOL. 2 | AMX Blog
 Ֆինանսական բառարան VOL. 2

Ֆինանսական բառարան VOL. 2

Այժմ ֆինանսական շուկայում հաճախ են օգտագործում նախկինում քիչ գործածական կամ ֆինանսական համակարգի զարգացման արդյունքում նոր ձևավորված բառեր։ Մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը։

Ածանցյալ արժեթուղթ (Derivative security)

Ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման իրավունքը, պարտավորությունը հավաստող արժեթուղթ է (ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն, տոկոսային և արժութային սվոպներ և այլն):

Բաժնեմաս (share)Կապիտալի անբաժանելի մաս, որն արտահայտում է բաժնետիրոջ և կազմակերպության սեփականության հարաբերությունը։
Բաժնետոմս (stock)Այն արժեթուղթն է, որն իրավունք է տալիս ստանալ բաժնետիրական ընկերության շահութաբաժին, մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը և ստանալ նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս։

Բորսայում շրջանառվող ֆոնդեր (ETF- exchange traded fund)

Արժեթղթերի ամբողջություն է, որը հետևում է հիմնական ինդեքսներին։ Ամենահայտնի օրինակն է SPDR S&P 500 ETF (SPY), որը հետևում է S&P 500 ինդեքսը։ ETF-ները պարունակում են տարբեր տիպի ներդրումներ՝ ներառյալ բաժնետոմսեր, ապրանքներ, պարտատոմսեր կամ ներդրումային տեսակների խառնուրդ։ Օրինակ՝ դուք որպես ներդրող ունեք որոշակի գումար, որով ուզում եք գնել S&P500՝ ամենախոշոր 500 կազմակերպությունների արժեթղթեր։ Այս դեպքում դուք դիմում եք այս ֆոնդին, որը Ձեզ տրամադրում է արժեթղթերից բաղկացած պորտֆոլիոն՝ համապատասխան Ձեր ներդրման։ Բորսայական ֆոնդերն իրացվելի արժեթղթեր են, այսինքն կարելի է հեշտությամբ գնել և վաճառել։

Ինդեքս (Index)

Այն ցուցանիշն է ֆինանսական աշխարհում, որը պարբերաբար չափում է արժեթղթերի շուկայում փոփոխությունը։ Ֆինանսական շուկաների դեպքում բաժնետոմսի և պարտատոմսի շուկայի չափորոշիչները՝ ինդեքսները, բաղկացած են արժեթղթերի հիպոթետիկ պորտֆոլիոյից, որը ներկայացնում է կոնկրետ շուկա կամ դրա մի բաժին։

Կանաչ պարտատոմս (Green bond)

Կանաչ պարտատոմսերը պարտքային գործիքներ են, որոնք թողարկվում են աջակցելու շրջակա միջավայրի և/կամ կլիմայական փոփոխության հետ կապված ծրագրերին։

Հեջ ֆոնդ (Hedge fund)

Երկընտրանքային ֆոնդեր, որոնք օգտագործում են մի քանի ներդրողների ֆոնդեր և տարբեր ռազմավարական հնարքների միջոցով ստանում են եկամուտ վերջիններիս համար։ Հեջ ֆոնդերն ագրեսիվ կառավարման բնույթ կարող են ունենալ։ Նրանք հիմնականում օգտագործում են ածանցյալ գործիքները բարձր եկամուտ ստանալու համար թե՛ տեղական և թե՛ արտասահմանյան շուկաներում։

Հեջավորում (Hedging)

Ռիսկի կառավարման ռազմավարություն, որն օգտագործվում է սահմանափակելու կամ փոխհատուցելու ապրանքների, արժույթների, կամ արժեթղթերի գնային տատանումները։ Այլ կերպ ասած, հեջավորումը ռիսկի փոխանցումն է առանց ապահովագրություն գնելու անհրաժեշտության։

Շահույթ (Profit)

Զուտ շահույթը ցույց է տալիս, թե ընկերությունը որքան է վաստակել (կամ կորցրել) տվյալ ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարվա) և հաշվարկվում է՝ ընկերության հասույթից հանելով ընդհանուր ծախսերը:

Շրջակա միջավայրի, սոցիալական և կառավարման չափանիշ (ESG)

Շրջակա միջավայրի, սոցիալական և կառավարման չափանիշն օգնում է ներդրողներին գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնք համապատասխանում են իրենց արժեքներին և պահանջներին։

Ռեպո/հետգնում (REPO)

Համաձայնագիր է, որն իրենից ներկայացնում է կարճաժամկետ փոխառության տեսակ: Այն երկու կողմերից բաղկացած ֆինանսական գործարք է, որի մասնակիցներից մեկն արժեթղթերը կամ ապրանքերը վաճառում է մյուս կողմին և միաժամանակ իր վրա պարտավորություն է վերցնում դրանք ետ գնել սահմանված ժամկետում կամ երկրորդ կողմի պահանջի դեպքում: Ներդրողները կարողանում են եկամուտ ստանալ արժեթղթրի սկզբնական ու վերջնական վաճառքի գների տարբերությունից։

Սմարթ պայմանագիր

Նախատեսված են բլոկչեյնում պահվող տվյալների հետ աշխատանքը ավտոմատացնելու համար։ Օրինակ՝ կարելի է գրել սմարթ պայմանագիր, որը գումար ստանալու դեպքում այդ գումարի մի մասը փոխանցի մի դրամապանակի, իսկ մյուս մասը՝ որևէ այլ դամապանակի։ Այն կրիպտոարժույթների պես աշխատում է առանց միջնորդների և, ի տարբերություն ավանդական պայմանագրերի, վճարումը կատավրում է ի սկզբանե: Այս վճարումը մնում է Smart contract-ում՝ մինչև պայմանների իրականացումը, ինչից հետո ծրագիրը փոխանցում է դրամային միջոցները ծառայությունը մատուցողին կամ ապրանքը վաճառողին: Հակառակ դեպքում գումարն ավտոմատ կերպով հետ է փոխանցվում վճարողին: Սա հեշտացնում, արագացնում և էժանացնում է գործընթացները

Սվոպ (Swap)

Սվոպը մի գործիքի փոխանակումն է մյուսով երկու շահագրգիռ կողմերի միջև։ Այս փոխանակությունը տեղի է ունենում նախապես պայմանագրում սահմանված ժամանակում։ Սվոպը օգտագործվում է սահմանափակելու ռիսկը, այդ թվում և տարադրամի ռիսկը։ Արժութային սվոպը և տոկոսային սվոպերը (interest rate swaps) երկու ամենատարածված սվոպի տեսակներն են շուկայում։

Փոխադարձ ներդրումային ֆոնդ՝ (Mutual fund)

Այս ֆոնդը ֆինանսական միջոց է, որը կուտակում է գումար շատ ներդրողներից և ներդնում է դրանք արժեթղթերում՝ բաժնետոմսերում, պարտատոմսերում և այլ ակտիվներում։ Այս տիպի ֆոնդերը բավականին մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։

Օպցիոն (Option)

Պայմանագիր, ըստ որի հնարավոր է գնել կամ վաճառել արժեթղթեր, ապրանք կամ սեփականության այլ ձևեր նշված գնով նախատեսված ժամանակահատվածում: Օպցիոնը սահմանափակում է ֆինանսական ռիսկը, սակայն սխալ հաշվարկների դեպքում հնարավոր է կատարել ունենալ կորուստներ։ Օրինակ, Դուք որպես ներդրող որոշել եք գնել արժեթուղթ 5 ամիս անց X անձից և ակնկալում եք, որ 5 ամիս անց բաժնետոմսի գինը 50%-ով կբարձրանա, բայց համոզված չեք դրանում և այդ պատճառով կնքում եք օպցիոն պայմանագիր։ Եթե 5 ամիս անց Ձեր կանխատեսումները ճիշտ են լինում, Դուք գնում եք և Ձեր եկամուտի որոշ մաս տրամադրում եք որպես պարգևավճար, իսկ եթե կանխատեսումները սխալ են լինում, Դուք կարող եք չգնել, բայց պետք է վճարեք միջնորդավճար-պարգևավճար։

Ֆյուչերս (Futures)

Պայմանագիր է, որը կնքվում է բորսայում երկու կողմերի միջև, և ըստ պայմանագրի երկու կողմերը պարտավորվում են կատարել իրենց պարտավորությունները՝ մի կողմը գնել, իսկ մյուս կողմը վաճառել՝ հետևելով բորսայի կողմից մշակված պայմանների։ Այսինքն X-ը կնքում է պայմանագիր Y-ի հետ, որ Y-ը պետք է 2 ամսից հասցնի ապրանքը C վայր և վաճառի X-ին կոնկրետ գումարով։ X-ը այս ընթացքում կարող է սպասել մինչև 2 ամիս կամ կարող է վաճառել իր պայմանագիրը ավելի թանկ գնով՝ ենթադրելով որ ապրանքի գինը կընկնի։

Ֆորվարդ (Forward)

Ածանցյալ գործիք է։ Պայմանգիրը կնքվում է երկու կողմերի միջև գնելու կամ վաճառելու ակտիվ ապագայում՝ ինչ որ կոնկրետ գնով։ Ի տարբերություն ֆյուչերսի՝ ժամանակը, գինը և այլ մանրամասներ կարող են հարմարեցվել։ Ֆորվարդները արտաբորսայական են, այսինքն չեն կնքվում բորսայի հարթակում։

Կարդացեք նաև