
Ինչու և ինչպես գնել պարտատոմսեր
- admin
- 27/02/2020
Այս տարվա մարտի 1-ից Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերում ներդրում կատարելը դառնում է էլ ավելի շահավետ։
ՀՀ հարկային օրենսգրքում վերջին փոփոխությունների արդյունքում կորպորատիվ պարտատոմսերն ազատվում են 10% եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։ Այսպես պարտատոմսի մեջ ներդրումը կարող է դառնալ ավելի շահավետ, քան ավանդից օգտվելը, որի դեպքում եկամտային հարկը շարունակում է կիրառվել։
Ո՞ր դեպքում են գործում Հարկային օրենսգրքի փոփոխությունները
Նշենք, որ՝
- փոփոխությունը վերաբերում է միայն այն պարտատոմսերին, որոնք թողարկվել են երկու և ավել տարի ժամկետայնությամբ, եթե պարտատոմս թողարկողը բանկ է։
- հարկերից ազատվում են այն կորպորատիվ պարտատոմսերը, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվել կամ առևտրին են թույլատրվել ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
- փոփոխությունները վերաբերում են նաև մինչ 2020թ․ մարտի 1-ը ֆոնդային բորսայում շրջանառության մեջ մտած կորպորատիվ պարտատոմսերին։
- շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առեւտրին:
Ինչքա՞ն է աճել Հայաստանի ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի շուկան
AMX-ի վերջին երեք տարվա ցուցանիշները խոսում են կորպորատիվ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին։ 2019-ը ամփոփել ենք ավելի քան 216 մլրդ դրամ շուկայի ծավալով։
Ինչպե՞ս գնել կորպորատիվ պարտատոմս
Եթե որոշել եք ներդրում կատարել կորպորատիվ պարտատոմսերի մեջ՝
〉 Ուսումնասիրե՛ք Հայաստանի ֆոնդային բորսային անդամակցող բրոքերային կազմակերպությունները և անմիջապես դիմե՛ք Ձեր նախընտրած բորքերին
〉 Տրամադրե՛ք Ձեր նույնականացման քարտը (կամ անձնագիր և սոցքարտ) բրոքերին
〉 Լրացրե՛ք բրոքերային հայտ և կնքե՛ք պայմանագիր, որից հետո միջնորդը Ձեզ համար կբացի բրոքերային և արժեթղթերի դեպո հաշիվ
〉 Ներկայացրե՛ք գնման հայտ, որի հիման վրա բրոքերը Ձեզ համար բորսայից ձեռք կբերի պարտատոմսեր և կփոխանցի Ձեր հաշվին։ Այս տարի բորսայի տեխնիկական վերազինումից հետո հայտերը հնարավոր կլինի ներկայացնել առցանց հարթակի միջոցով։
Պետական պարտատոմսեր գնելու մասին կարդացե՛ք AMX աջակցություն բաժնում։