
Կուտակային կենսաթոշակային հաշիվը Իմ հաշվով ստուգելու քայլերը
- AMX
- 13/11/2019
Կուտակային կենսաթոշակային հաշիվը Իմ հաշվով ստուգելու քայլերը
Ձեր կուտակային կենսաթոշակային հաշիվն առցանց ստուգելու ու դիմումներ ներկայացնելու համար կարող եք այցելել Իմ hաշիվը կայքէջ նույնականացման քարտի՝ իր ակտիվացրած PIN ծածկագրով, և քարտը կարդացող սարքի միջոցով։
«Իմ hաշիվը» կայքէջ․ Ինչպե՞ս կառավարել կուտակային կենսաթոշակային հաշիվը
Ձեր կուտակային կենսաթոշակային հաշիվն առցանց ստուգելու ու դիմումներ ներկայացնելու համար այցելե՛ք Իմ hաշիվը կայքէջ:
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որպես մասնակիցների ռեեստրավար, կուտակային կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար բացում է առանձին հաշիվ։ Եթե համակարգի մասնակից եք, ապա Ձեր անվամբ ունեք հաշիվ, որտեղ կգտնեք տեղեկություն Ձեր կուտակային հատկացումների ու դրանց հաշվին ձեռք բերված ֆոնդերի փայերի և Ձեր պորտֆելի եկամտաբերության մասին:
Կենսաթոշակային հաշվին հետևելով՝ Դուք կտեսնեք Ձեր գործատուի և պետության փոխանցումները, կհետևեք միջոցների շարժին և պորտֆելի եկամտաբերությանը, ինչպես նաև կարող եք փոխանակել փայեր կամ փոխել ակտիվ ֆոնդը և/կամ կառավարչին:
Կառավարե՛ք Ձեր կուտակային կենսաթոշակային հաշիվն առցանց
Իմ հաշիվը կայքէջի միջոցով կարող եք առցանց ստուգել հաշվի մնացորդն ու մուտքերը, ինչպես նաև կառավարել Ձեր կենսաթոշակային հաշիվը: Այստեղ կգտնեք մի շարք ձևաթղթեր, որոնք լրացնելով կարող եք առցանց դիմել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային մի շարք գործողությունների համար՝
- Անձնական տվյալների փոփոխություն
- Կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրություն
- Կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում
- Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացում (նախորդ տարվա տարեկան հաշվետվության և եռամսյակային հաշվետվություն)
- Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվել/ընդունել
Այստեղ է հասանելի նաև հետևյալ տեղեկությունը՝
- Ձեր կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանք
- Ձեր կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն
- Ձեր պորտֆելի եկամտաբերություն
- Ձեր կուտակումները գրաֆիկի տեսքով
- Ձեր գործողությունների պատմություն
- Լրացված դիմումների ցանկ
Կայքէջից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է նույնականացման քարտ՝ իր ակտիվացրած PIN ծածկագրով, և քարտը կարդացող սարք: Եթե նույնականացման քարտի հետ չեք ստացել ծածկագիր, պետք է դիմեք համապատասխան անձնագրային ծառայություններին։
Ակտիվացրե՛ք նույնականացման քարտի PIN ծածկագիրը
Նույնականացման քարտի ծածկագիրն ակտիվացնելու համար այցելե՛ք ekeng.am-ի Էլեկտրոնային ստորագրություն բաժինը, այնուհետև Ինչպես ակտիվացնել բաժինը և ներբեռնե՛ք ու տեղադրե՛ք Cryptocard Suite Manager ծրագրի՝ Ձեր համակարգչի չափանիշներին համապատասխան տարբերակը: Պետք է հիշել, որ տարեկան վճարը վերաբերում է ոչ թե ծածկագրի, այլ էլեկտրոնային ստորագրության ակտիվացմանը, հետևաբար Դուք չեք վճարում որևիցե գումար։
Այնուհետև քարտ կարդացող սարքը միացրե՛ք համակարգչին և նույնականացման քարտը տեղադրե՛ք սարքի մեջ: Բացե՛ք CryptoCard Suite Manager ծրագրի պատուհանը, որտեղ կհայտնվեն հետևյալ տողերը՝ ARMID (AuthPIN) և ARMID (SignPIN), որոնք պետք է ակտիվացնել:
Մոնիտորի ներքևի աջ անկյունում կբացվի նոր պատուհան՝ ակտիվացված քարտի անուն-ազգանվամբ և հանրային ծառայության համարանիշով:
Ծածկագրի ակտիվացման հետ կապված հարցերի դեպքում դիմե՛ք ԷԿԵՆԳ-ի թիմին +374 60 464 504 հեռախոսահամարով:
Մու՛տք գործեք Իմ hաշիվը կայքէջը
Իմ հաշիվը կայքէջ մուտք գործելու համար վեբ բրաուզերը (դիտարկիչը) բացված վիճակում համակարգչին անհրաժեշտ է միացնել նույնականացման քարտը կարդացող սարքը, որից հետո սարքի մեջ տեղադրել քարտը: Քարտը տեղադրելուց հետո անհրաժեշտ է սպասել, որպեսզի մոնիտորի ներքևի աջ անկյունում հայտնվի հետևյալ հաղորդագրությունը`
Ցանկալի է օգտագործել Google Chrome կամ Internet Explorer դիտարկիչները: Mozilla Firefox դիտարկչի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ են դիտարկչի լրացուցիչ կարգաբերումներ:
Սեղմե՛ք Նույնականացման քարտ դեղին կոճակը, ինչից հետո կբացի հետևյալ պատուհանը՝
Ընտրե՛ք անուն-ազգանվամբ հաղորդագրությունը և սեղմե՛ք OK, այնուհետև բացված CryptoTech CSP պատուհանում մուտքագրե՛ք նույնականացման քարտի PIN ծածկագիրը և սեղմե՛ք OK՝
Այս պարզ քայլերի հերթականությունը պահպանելով՝ Դուք մուտք կգործեք Ձեր կենսաթոշակային հաշիվ՝
Իմ հաշիվը կայքէջի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար ներբեռնե՛ք օգտագործողի ուղեցույցը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 61 55 55 ներքին 131 կամ 134 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն pension.report@amx.am հասցեին:
Կենսաթոշակային հաշվետվություններ ստանալու այլ ձևեր
Տրամադրե՛ք Ձեր էլ․ հասցեն այս եղանակներից որևէ մեկով՝
Ներկայացրե՛ք դիմում հաշվի օպերատոր հանդիսացող բանկերի և Հայփոստի բաժանմունքներին՝ նշելով ստացման եղանակը «էլ. փոստ» և էլեկտրոնային հասցեն (ցանկալի է, որ այն լինի Ձեր անձնականը):
Տրամադրե՛ք Ձեր էլ․ հասցեն այն էլեկտրոնային նամակների միջոցով, որ Ձեզ պարբերաբար կարող է ուղարկել Ձեր գործատուն կամ բանկը, որի հաճախորդն եք Դուք։
Կենտրոնական դեպոզիտարիան իր գործընկեր կազմակերպությունների միջոցով ուղարկում է Ձեզ էլեկտրոնային նամակներ, որտեղ նշված է, որ Դուք կարող եք տրամադրել Ձեր էլ․ հասցեն և էլեկտրոնային եղանակով երեք ամիսը մեկ և տարին մեկ անգամ ստանալ կենսաթոշակային հաշվետվություններ։ Դրա համար անհրաժեշտ է, որ բացեք Ձեզ ուղարկված նամակը և սեղմեք «տրամադրել» կոճակը։