Կուտակային կենսաթոշակային հաշիվ․ Ինչ է եռամսյակային հաշվետվությունը | AMX Blog
 Կուտակային կենսաթոշակային հաշիվ․ Ինչ է եռամսյակային հաշվետվությունը

Կուտակային կենսաթոշակային հաշիվ․ Ինչ է եռամսյակային հաշվետվությունը

Հաշվետվությունում հակիրճ արտացոլվում են հաշվետու եռամսյակի ընթացքում Ձեր կենսաթոշակային հաշվով իրականացված գործառնությունները:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից՝

Աղյուսակ 1. Կենսաթոշակային հաշվի մնացորդը

Կենսաթոշակային հաշվի մնացորդը աղյուսակում`

1-ին տողը ցույց է տալիս եռամսյակի սկզբին Ձեր կենսաթոշակային հաշվին եղած գումարը:

2-րդ տողը ցույց է տալիս, թե Ձեր հաշվին որքան գումար է կուտակվել երեք ամսվա ընթացքում՝ ըստ գումարի աղբյուրի: Քանի որ Ձեր հաշվին գումարը կուտակվում է երեք աղբյուրից, 2-րդ տողում երևում է, թե ամբողջ կուտակված գումարից որքանն է առաջացել՝

  • Ձեր կողմից կատարվող վճարումներից,
  • Ձեր հաշվին պետության կողմից կատարված վճարումներից,
  • Ձեր հաշվին առկա ակտիվների կառավարման արդյունքում ֆոնդի կառավարչի ապահոված եկամտի (վնասի) չափը

3-րդ տողը ցույց է տալիս երեք ամսվա ընթացքում բոլոր երեք աղբյուրներից Ձեր հաշվին ավելացված ընդհանուր գումարը:

4-րդ տողը ցույց է տալիս եռամսյակի վերջում Ձեր հաշվին առկա գումարը:

Աղյուսակ 2․ Կուտակային հատկացումները

Կուտակային հատկացումներն աղյուսակը ներկայացնում է երեք ամսվա ընթացքում Ձեր և պետության կողմից կատարված վճարումներն ավելի մանրամասն:

Աղյուսակի սյունակ
Բացատրություն

Մուտք հաշվին

Այն պահը, երբ գումարները հարկային մարմնից փոխանցվել են Ձեր հաշվին (օր/ամիս/տարի)

Ամիսը, որի համար կատարվել է հատկացումը

Այն ամիսը, որի համար է կատարվել վճարումը, (օրինակ՝ «08.2018»)

Ա/Ձ-ների դեպքում կարտացոլվի միայն տարեթիվը, որի համար կատարվել է կուտակային հատկացումը (հետևյալ ձևով՝ «2017»)

Հատկացում

Ձեր և պետության կողմից կատարված վճարումների չափերը
Գործատու

Ձեր գործատուի անվանումը

Գործատուի կողմից վճարված տույժ

Գործատուի կողմից ի օգուտ Ձեզ վճարված տույժի գումարը, եթե նա ուշացրել է վճարումը հարկային մարմնին: Տույժը վճարում է գործատուն:
Ընդամենը հատկացումներ

Ձեր և պետության կողմից կատարված վճարումների, ինչպես նաև գործատուի կողմից վճարված տույժերի ընդհանուր գումարը:

Ֆոնդ

Որ ֆոնդին են ուղղվել Ձեր և պետության կողմից կատարված վճարումները: Ներկայացված է ֆոնդի կրճատ անվանումը: Այսպես՝

1.     ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (AMFIX)

2.    ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (AMCON)

3.    ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (AMBAL)

4.    Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX)

5.    Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON)

6.    Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված (CQBAL)

 

ԻՆՉՈՒ՞ ԵՍ ՉԵՄ ՍՏԱՆՈՒՄ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Եռամսյակային հաշվետվությունը ստանում են միայն այն անձինք, ովքեր իրենց կենսաթոշակային հաշվի անձնական տվյալներում ունեն գրանցված էլեկտրոնային փոստի հասցե: Եթե Ձեր կենսաթոշակային հաշվի անձնական տվյալներում չունեք գրանցված էլեկտրոնային փոստի հասցե, սակայն ցանկանում եք պարբերաբար ստանալ եռամսյակային ու տարեկան հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Ձեր էլ․ հասցեին, Դուք կարող եք լրացնել համապատասխան դիմումը հաշվի օպերատոր հանդիսացող բանկերի և Հայփոստի բաժանմունքներում կամ Իմ հաշիվ ինտերնետային էջի միջոցով՝ որտեղ մուտք կարող եք գործել նույնականացման քարտի և քարտ կարդացող սարքի միջոցով՝ հավելվածում մուտքագրելով Ձեր նույնականացման քարտի PIN կոդը։

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Եռամսյակային հաշվետվություններից բացի Մասնակիցների ռեեստրավարը մասնակիցներին տրամադրում է նաև տարեկան հաշվետվություն՝ մասնակցի կողմից նախընտրած թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Հաշվի օպերատորների կամ Իմ Հաշիվ ինտերնետային էջի միջոցով կարող եք ստանալ Ձեր կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանքը կամ Կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվությունը:

Տրամադրե՛ք Ձեր էլ․ հասցեն այն էլեկտրոնային նամակների միջոցով, որ Ձեզ պարբերաբար կարող է ուղարկել Ձեր գործատուն կամ բանկը, որի հաճախորդն եք Դուք։

Կենտրոնական դեպոզիտարիան իր գործընկեր կազմակերպությունների միջոցով ուղարկում է Ձեզ էլեկտրոնային նամակներ, որտեղ նշված է, որ Դուք կարող եք տրամադրել Ձեր  էլ․ հասցեն և էլեկտրոնային եղանակով երեք ամիսը մեկ և տարին մեկ անգամ ստանալ կենսաթոշակային հաշվետվություններ։ Դրա համար անհրաժեշտ է, որ բացեք Ձեզ ուղարկված նամակը և սեղմեք «տրամադրել» կոճակը։

 

ՈՒՆԵՄ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Ձեր կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +374 60 61 55 55 ներքին 131 կամ 134,  կամ գրել pension.report@amx.am էլ․փոստին:

Կարդացեք նաև