Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացը | AMX Blog
 Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացը

Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացը

 

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է ստանալ ժառանգված կենսաթոշակային միջոցները։

Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերով․

Առաջին քայլ

Ժառանգը պետք է տեղեկություն ստանա ժառանգած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ։ Նշյալ տեղեկությունը ստանալու նպատակով նոտարը փոստային եղանակով գրավոր հարցում է ուղարկում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, կամ ժառանգն անձամբ է նոտարական հարցումը ներկայացնում Դեպոզիտարիա:

Երկրորդ քայլ

Դեպոզիտարիան 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է նոտարի գրավոր հարցմանը.

  • Կամ ժառանգին անձամբ,
  • Կամ նոտարին՝ փոստի միջոցով:

Երրորդ քայլ

Նոտարի տրամադրած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը  ներկայացվում են Դեպոզիտարիա.

  • Ժառանգն անձամբ՝ դիմում ներկայացնելով Դեպոզիտարիային,
  • Ժառանգն անձամբ՝ Հաշվի օպերատորների միջնորդությամբ,
  • Նոտարը՝ գրավոր, փոստի միջոցով։

Չորրորդ քայլ

Նոտարի կազմած ժառանգության վկայագրում առկա տեղեկատվությունը (ամբողջական լինելու դեպքում) Դեպոզիտարիան գրանցում է Համակարգում այն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում և այդ մասին տեղեկացնում է ժառանգին կամ հաշվի օպերատորին (ում միջոցով փաստաթղթերը փոխանցվել են Դեպոզիտարիա):

Հինգերորդ քայլ

Ժառանգը ժառանգված կենսաթոշակային միջոցները իր բանկային/կենսաթոշակային հաշվին փոխանցելու նպատակով՝ Նոտարի կազմած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը, վկայագիրը ստանալուց հետո 1 տարվա ընթացքում ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ է ներկայացնում ռեեստրավարման համակարգում գրանցվող դիմում։

Վեցերորդ քայլ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Դեպոզիտարիան վերոնշյալ դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է ժառանգված փայերի մարումը և փոխանցում դիմումում նշված բանկային հաշվեհամարին կամ կազմակերպում է ժառանգված փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին:

Վերոնշյալ քայլերում Ժառանգի փոխարեն կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև նրա լիազոր ներկայացուցիչը:

 

Կենսաթոշակային միջոցները ժառանգելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են <<Կուտակային կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։

 

 

Կարդացեք նաև